Կռած երկաթը որակյալ և դիմացկուն նյութ է, ինչի շնորհիվ, այս նյութից պատրաստված ցանկացած կոնստրուկցիա, այդ թվում նաև կռած երկաթից պատրաստած աստիճանների բազրիքները, կարող են ծառայել երկար տարիներ։ Սակայն, ոչ լիարժեք խնամքի դեպքում մետաղի այս տեսակը կարող է ենթարկվել ժանգոտման ու հարուցել կառույցի քայքայում։ Նման դեպքերից խուսափելու համար ստորև կուսումնասիրենք կռած երկաթի տեսակը և խնամքի մի քանի եղանակներ՝ ըստ կառույցի կարգավիճակի. լինի դա բազրիքներ, թե սեփականության դարպասներ։
Ի՞նչ է կռած երկաթը
Կռած երկաթը մետաղ է՝ հայտնի հաստ ու ճկուն հատկություններով։ Իր ճկունության շնորհիվ, կռած երկաթն արդեն վաղուց օգտագործվում է ամենաբազմազան մետաղական կառույցների ոճեր ու ձևավորումներ ստանալու համար՝ բազրիքներ, դարպասներ, պատշգամբներ և այլն։ Սակայն, չնայած այս հատկություններին, մշտական թարմ ու անվնաս տեսքը պահպանելու համար մետաղն ունի պարբերական խնամքի կարիք՝ ժանգից ու քայքայումից խուսափելու համար։ Այսպիսով, ինչպե՞ս խնամել կռած երկաթից պատրաստված կոնստրուկցիաները՝ ըստ ժանգոտման աստիճանի․
Կռած երկաթի խնամքը
Նախքան ժանգոտված երկաթի խնամքին անդրադառնալը, եկեք հասկանանք, թե ինչպես կանխել կռած երկաթի ժանգոտումը։ Սրանք այն նախնական ու կանխորոշիչ գործողություններն են, որոնք միտված են պաշտպանելու ձեր մետաղական կառույցը՝ վաղաժամ անսարքությունից։
Փոշեզրկում
Կուտակված փոշին ժամանակի ընթացքում կարող է առաջացնել խոնավություն և ստեղծել ժանգ։ Սա կանխելու համար կարող եք պարբերաբար մաքրել փոշին՝ օգտագործելով միկրոֆիբրե կտոր, քանի որ կտորի այդ տարբերակն արդյունավետորեն կհեռացնի փոշին՝ առանց վնասելու կոնստրուկցիայի մակերեսը։
Ավելի խորքային մաքրում
Ավելի խորքային մաքրում անհրաժեշտ է իրականացնել, եթե ձեր կռած մետաղից արտադրված կոնստրուկցիան չի խնամվել երկար ժամանակ։ Նախ անհրաժեշտ է պատրաստել մաքրող միջոցը․ կարող եք ջրի հետ խառնել ափսեներ լվանալու միջոց և ստանալ կառույցը մաքրելու համար անվնաս միջոց։ Հարկ է խուսափել ուժեղ քիմիկատներ պարունակող միջոցներից, քանի որ դրանք կարող են վնասել կռած երկաթը։
Այնուհետև կարող եք վերցնել հասարակ սպունգ և օգտագործել այն՝ կռած մետաղը մաքրելու համար։ Սակայն, անհրաժեշտ է խուսափել կոպիտ կամ ուժեղ շարժումներից, քանի որ, այդ դեպքում նույնպես՝ կարող եք վնասել կառույցի մակերեսը։ Ավելի մանր ձևավորումների դեպքում կարող եք վերցնել փոքր նեյլոնե խոզանակ՝ նեղ և ոչ հասանելի հատվածները հեշտությամբ մաքրելու համար։
Մաքրելուց հետո հեռացրեք օճառի և կեղտի հետքերը՝ օգտագործելով մաքուր ջուր։ Կարևոր է սրբել կառույցը մաքուր ու չոր կտորով՝ խոնավության հետքերը հեռացնելու համար։
Ժանգի մաքրում
Ժանգն առաջ է գալիս կռած երկաթի ոչ պատշաճ խնամքի հետևանքով։ Եվ ահա մի քանի նշաններ, որոնք նկատելիս անհրաժեշտ է անհապաղ զբաղվել կոնստրուկցիայի խնամքով։
- Ներկի ճաքած հատվածներ․ Ինչպես արդեն գիտենք, կռած երկաթի դեպքում ներկը ծառայում է որպես պաշտպանիչ շերտ։ Եթե կոնստրուկցիայի մակերեսին նկատել եք ճաքած ներկի հատվածներ, ապա ժամանակն է վերամշակել դրա մակերեսը, քանի որ անտարբերության արդյունքում ճաքած հատվածներում կգոյանա խոնավություն ու կզարգանա ժանգ։
- Փոսեր․ Եթե կոնստրուկցիայի վրա նկատում եք ոչ բնորոշ փոսեր, ապա դրանք ամենայն հավանականությամբ խորացված ժանգի հետևանքներ են ու մատնանշում են մետաղի փտումը։
- Ներկի պղպջակներ․ Կոնստրուկցիայի մակերեսին գոյացած ներկի պղպջակները վկայում են ներկի ներսում ժանգի գոյացումը։ Այս դեպքում անհրաժեշտ է հեռացնել ներկը, մաքրել ժանգը և քսել նոր պաշտպանիչ շերտ։
Առաջին հերթին ստուգեք կառույցի այն հատվածքները, որտեղ խոնավության մակարդակն ավելի բարձր է, օրինակ՝ դարպասների դեպքում դրանք կարող են լինել ծառերին ավելի մոտ հատվածները, մինչդեռ բազրիքների դեպքում դրանք կարող են լինել ամբողջությամբ՝ կախված տեղակայման վայրից։ Բացի այդ, կարող եք նաև ստուգել աստիճանների մետաղական հիմքը, քանի որ դրանք ոչ այնքան տեսանելի են, սակայն ամենաշատն են հակված ժանգոտման։
Եթե ստուգելուց հետո հայտնաբերել եք ժանգ, ապա օգտագործեք մետաղական խոզանակ կամ հղկաթուղթ՝ այն հեռացնելու համար։ Դժվար անցանելի վայրերում կարող եք օգտագործել ժանգ հեռացնող հատուկ միջոցներ, սակայն, նախքան դրանք օգտագործելը ծանոթացեք բաղադրությանը և կիրառման կանոններին։ Մաքրող միջոց կարող եք նաև ստանալ տնային պայմաններում, պարզապես խառնեք կիտրոնի հյութն ու քացախը։ Օգտագործեք ձեռնոցներ՝ ձեր մաշկը պաշտպանելու համար։
Մակերեսի ներկում
Կոնստրուկցիան լիովին մաքրելուց հետո կարող եք դրա մակերեսին ավելացնել պաշտպանիչ ծածկույթ։ Կարող եք օգտագործել ժանգը կանխող նյութ և դրանով ծածկել աստիճանների կամ բազրիքների ամբողջ մակերեսը, այնուհետև՝ թողնել, որ չորանա։
Չորանալուց հետո կարող եք ավելացնել բարձրորակ ժանգի դեմ ներկ՝ երկու շերտով։ Այս դեպքում հարկ է հետևել ներկի արտադրողի հրահանգներին՝ այն արդյունավետորեն օգտագործելու համար։
Ժանգոտման ընդհանուր կանխում
Անկախ կոնստրուկցիայի տեսակից, լինի դա բազրիքներ, աստիճանների մետաղական հիմքեր, թե դարպասներ, կարող եք ստեղծել փոքրիկ օրակարգ՝ այն պարբերաբար ստուգելու համար։ Այս կերպ կարող եք նկատել ժանգի գոյացումներն ավելի շուտ և մաքրել դրանք՝ առանց բարդացման ռիսկի։
Եթե ձեր կռած երկաթից պատրաստված կոնստրուկցիան գտնվում է դրսում, ապա ծանր եղանակների ժամանակ կարող եք ծածկել այն՝ օգտագործելով պլաստիկ ծածկույթներ։ Օրինակ՝ հորդառատ անձրևների կամ ձյան տեղումների ընթացքում դրանք կոնստրուկցիային կպաշտպանեն խոնավությունից ու ժանգոտման ռիսկից։
Իսկ եթե ձեր բնակարանը կամ անշարժ գույքը գտնվում է մշտապես խոնավ տարածքում, ապա կոնստրուկցիայի մակերեսին կարող եք քսել պաշտպանիչ ու ժանգը կանխող միջոցներ ու ներկեր և պարբերաբար թարմացնել դրանք՝ բարձր արդյունավետությունն ապահովելու համար։
Ամփոփում
Կռած երկաթը ամուր և դիմացկուն մետաղի տեսակ է, սակայն նրա միակ թշնամին՝ դա ժանգն է, ինչի ոչ պատշաճ խնամքն ու հեռացումը կարող է հանգեցնել մետաղի վաղաժամ վախճանին։ Սակայն այս մետաղից պատրաստված կոնստրուկցիաները չեն պահանջում բարդ խնամք՝ պարզապես կարող եք պարբերաբար (տարվա մեջ երկու անգամ) հեռացնել կուտակված փոշին ու կեղտը և վայելել կռած երկաթի գեղեցիկ ու ճկուն դիզայնը՝ տարիներ շարունակ։ Այսպիսով, կռած երկաթը մետաղի այն տեսակներից է, որը կարիք ունի պարբերական՝ սակայն ոչ բարդ խնամքի և որպես հատուցում տալիս է ամենագեղեցիկ և ճկուն ձևավորումները։